«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության, գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի քաղաքապետարանի հետ, մամուլի ասուլիսով ազդարարեց փառատոնի 12-րդ մեկնարկը:
««Ոսկե ծիրան» փառատոնը ամենաճանաչված, ամենահեղինակավոր միջազգային ստուգատեսն է, յուրահատուկ այցեքարտ: Այս տարիներին այն դարձել է մեր մշակութային խորհրդանիշը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ, նշելով, որ փառատոնը պահպանելու է իր մրցութային ու արտամրցութային ծրագրերը: Այս տարվա մեխերից մեկը լինելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրությունները: Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ «Ռեժիսորներ առանց սահմանի» ծրագրին մասնակցելու են նաև մի շարք երկրների մշակույթի նախարարներ, փոխնախարարներ:
Երևանի փոխքաղաքապետ ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակում դահլիճային միջոցառումներից և կինոդիտումներից բացի, քաղաքի կենտրոնում կլինեն բացօթյա դիտումներ, այդ թվում՝ Կարապի լճի տարածքում: Իհարկե, ներկայացվելու են ոչ մրցութային ֆիլմերը, բայց սա նույնպես, փոխքաղաքապետի խոսքով, էապես կնպաստի կինոմթնոլորտին:
Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նկատեց, որ 2015-ը և տխրության տարի է, և պայծառության. «Որովհետև Ցեղասպանության 100-րդ տարելիցն ենք նշում, բայց ուրախ ենք, որ գոյություն ունենք, որ ունենք միջազգային փառատոներ, նկարահանում ենք ֆիլմեր, ուրախ ենք, որ միասին ենք, շարժվում ենք առաջ՝ պահանջելով նաև ճշմարտության հաստատումը»:
Փառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ նշեց, որ այս տարի հարուստ են «Ոսկե ծիրանի» արտամրցութային ծրագրերը: Դրանցից երկուսը նվիրված են Ցեղասպանության 100-րդ տարելիցին. «Մենք կանք» ծրագիրը կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերը, «Այլևս երբեք»-ում ընդգրկված ֆիլմերը նվիրված են ընդհանրապես աշխարհում տեղի ունեցած ցեղասպանություններին: Նոր և հարուստ ծրագիր է ներկայացնում «Նոր կինոն». կցուցադրվեն նոր անուններ, նոր ֆիլմեր:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ին:
Փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագրի հեղինակն է դիզայներ Լիլիթ Մալխասյանը: Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ՝ 105 երկրից:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ